«Ոչ, ոչ, խնդրում եմ, ինձ մի լուսանկարեք՝ անվտանգությունից ելնելով»,- զրույցի սկզբում ասաց իտալացի մեր գործընկերը։ Մենք արդեն ներկայացրել ենք ռուս փորձագետների ու լրագրողների տեսակետը Ղարաբաղյան պատերազմի և դավաճանական կապիտուլյացիոն փաստաթղթի շուրջ, այս անգամ մեզ հետաքրքրեց դիտարկել հարցը եվրոպական «տեսախցիկից»։ Այդ նպատակով ոտքի վրա զրուցեցինք իտալական «Ազատ մամուլ» պարբերականի լրագրող ՖԻԼԻՊ ՌՈՍԻԻ հետ։
-Դուք երկար ժամանակ եղել եք Ղարաբաղում և բազմաթիվ ռեպորտաժներ եք արել։ Այս պահին ուզում եմ խոսենք ոչ թե պատերազմի, այլ դրա քաղաքական մասի շուրջ։ Ըստ Ձեզ՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն համաձայնագիրը տրամաբանակա՞ն էր ստեղծված իրավիճակում։
-Երբ ստորագրեցին այդ համաձայնագիրը, ինքնին հարց առաջացավ՝ եթե պետք է հողերը հանձնեին, ինչու՞ ավելի շուտ չկնքեցին այն, ինչու՞ այսքան զոհեր եղան և ինչու՞ այն կնքվեց հենց նոյեմբերի 9-ին։ Կամ, ստորագրելով այդ պայմանագիրը, ի՞նչ կամ ու՞մ փրկեցին... Հայ ժողովուրդը Ղարաբաղում ամուր կանգնած էր և պատրաստ էր մինչև վերջ քաջաբար կռվելու։
-Ըստ Ձեզ՝ ինչու՞ Ամերիկան, Եվրոպան ավելի թրքամետ մոտեցում ցուցաբերեցին այս պատերազմում, ինչո՞վ էր դա պայմանավորված։
-Կարծում եմ՝ Ղարաբաղյան խնդրի քաղաքական լուծումը պետք է գտնվեր այս պատերազմից առաջ։ Ըստ ամենայնի, պետք է բանակցությունների միջոցով որոշ հողեր տրվեին Ադրբեջանին, և հնարավոր կլիներ խուսափել այս պատերազմից, ապագան էլ ավելի խաղաղ կլիներ։
-Չպատասխանեցիք իմ հարցին։ Մանրամասնեմ այն. երբ Եվրամիությունից պահանջեցին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, այդ հզոր կառույցն ընդամենը պատասխանեց, որ հարցին կանդրադառնա դեկտեմբերին։ Ինչու՞։
-Ներկայումս Եվրոպան ինքը լուրջ խնդիրներ ունի՝ Covid-19, գաղթականներ, տնտեսական ճգնաժամ։ Այս բոլոր լրջագույն խնդիրների մեջ ղարաբաղյան պատերազմն իրենց համար առաջնային չէր։
-Իսկ Թուրքիայի շահը Եվրոպայի և Ամերիկայի համար առաջնայի՞ն էր։
-Ես քաղաքական գործիչ չեմ և չեմ կարող քաղաքական շեշտադրումներով կարծիք ներկայացնել։ Ես լրագրող եմ։
-Այդ դեպքում, որպես լրագրող, ի՞նչ տեսաք Ղարաբաղում, ինչպե՞ս էիք գնահատում իրավիճակը, հատկապես, երբ նոյեմբերի 9-ին կնքվեց այդ խայտառակ պայմանագիրը։ Ի դեպ ես ներկա եմ եղել, երբ Դուք նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԺ-ի բակում հարցազրույց էիք վերցնում «Ազատ Արցախ» թերթի լրագրողից, ով այդ պայմանագիրը դավաճանական գնահատեց։
-Շատ ցավալի է, որ մարդիկ կորցրին իրենց տները, սակայն մեծ հույս ունեմ, որ նրանք մի օր կվերադառնան։ Որպես լրագրող կարող եմ ասել, որ մեր առաքելությունն էր այս պատերազմի ողջ պատմությունը հենց ռազմի դաշտից ներկայացնել աշխարհին, և մենք հնարավոր ամեն բան արեցինք։ Շատ կցանկանայի, որ մեր կատարած գործն իր նպաստը բերի Հայաստանի և Ղարաբաղի առնչությամբ ապագայում կայացվելիք որոշումներում։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ